Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երեքը վիրավորվել շաբաթ երեկոյան Էստոնիայի Լիխուլա քաղաքի բենզալցակայանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Տուժածների շրջանում կա երկու անչափահաս, հայտնել են Էստոնիայի ոստիկանությունում։ Նահանգապետ Կայդո Կիպլասը մանրամասնել է, որ տղամարդը բերման է ենթարկվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նահանգապետի տեղեկություններով՝ շաբաթ շուրջ 22:00-ին քաղաքի մերձակայքում գտնվող բենզալցակայանի հարեւանությամբ Subaru մեքենայի 32-ամյա վարորդը դարձել է ՃՏՊ-ի մեղավոր, որից հետո փախուստի դիմել դեպքի վայրից։ Այնուհետեւ նա կրակ է բացել մոտոցիկլետի վարորդի ուղղությամբ, որը տեղում մահացել է ստացված վիրավորման հետեւանքով, եւ կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է տղամարդ, կին եւ երկու երեխա։ Ստացված վնասվածքների հետեւանքով կինը մահացել է, տղամարդն ու երկու երեխաները՝ վիրավորվել եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ։

«Մենք շրջափակել ենք տարածքը եւ փակել փողոցները,-ասել է Կիպլասը։-Տղամարդը կրակ է բացել նաեւ ոստիկանների ուղղությամբ, սակայն մենք բերման ենք ենթարկել նրան այդ նույն բենզալցակայանի մերձակայքում։ Բերման ենթարկելու ժամանակ տղամարդը դիմադրություն չի ցուցաբերել»։

Ոստիկանների խոսքով՝ կասկածյալի մոտ եղել է զենք կրելու արտոնագիր։ Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են։