Արդեն 2 օր է այստեղ ենք, նորմալ մնալու, քնելու տեղ էլ չունենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներից Արտակ Մարտիրոսյանը։

«Ընդհանուր 15 հոգի ենք, բայց գնալով ավելանում են, մարդիկ գալիս են։ Ովքեր, որ երեխաների հետ են հետ ենք ուղարկել տուն, որ այնտեղ սպասեն մեր պատասխանին, որովհետեւ այստեղ չեն կարող գիշերել։ Մի հայ աղջիկ կա այստեղ բուտկա ունի, տվել է, կծկվում քնում ենք։ Մենք մեր հաշվին ենք մնում ու գնալով գումարը վերջանում է, ոչ մեկ չի արձագանքում։ Այս պահին էլի մարդիկ կան, որ ճանապարհին են ՌԴ–ի տարբեր քաղաքաներից գալիս են։ Ապրիլյան պատերազմի մասնակից Արմեն Ապրեսյանն էլ է մեզ հետ, հրամանատարը Արմենակ Ուրֆանյանն է եղել։ Պատերազմ է տարել, որ այսօր չկարողնա՞ հայրենիք վերադառնալ»,– ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ Լարսի անցակետում իրենց տեղեկացրել են, որ կարող են անցնել սահմանը, բայց Վրաստանը թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել. «Ասում են զգուշացնում ենք, կարող եք անցնել, բայց վրացին չի թողնելու եւ, եթե հետ եկար, նորից ուզեցիր մտնել ռուսական կողմի տարածք, 5000 ռուբլի շտրաֆ պետք է վճարես»։

Հարցին,թե չգիտեի՞ք, որ այս պահին սահմանը փակ է, ինչո՞ւ եք այս պահին վերադառնում. քաղաքացին պատասխանեց. «Աշխատանք չունենք, գումար չունենք, տան վարձերը չենք կարողացել տալ, հետեւաբար մնալու տեղ էլ չունենք, ի՞նչ անենք»։

Նրանց խոսքով՝ շատերը օգտվելով ստեղծված իրավիճակից գումարներ են աշխատում. «Բոլորս էլ գիտենք, որ բեռնատարների համար, որոնք սնունդ են տեղափոխում, սահմանը բաց է, այստեղ մեքենաներ կան, որ 500 դոլարով տրամադրում են, նստես գաս Հայաստան։ Այստեղից օրինակ կաղամբ գնես, բարձես մեքենան, վերադառնաս, կվաճառես, կթափես, քո գործն է, ստացվում է հայրենիք վերադառնալը 1000 դոլար գումար է արժենում մեզ վրա։ Նույնը ՀՀ–ից, քաղաքացին ուզում է դուրս գալ, միրգ բանջարեղեն է բարձում, գալիս է։ Չեմ հասկանում, մարդիկ փող են աշխատո՞ւմ մեզ վրա, այդպիսի մեքենաներ կան, 500 դոլար տուր, քշի հասի ընտանիքիդ։ Ստացվում է կառավարությունը գումար է աշխատում, ռաստամոշկա է մտցնում, վրացին ու Ռուսաստանն էլ իր հերթին, 13 ռուբլիանոց կաղամբը դառնում է 150 ռուբլի։ Երազանք է դարձել Հայաստան վերադառնալը։ Մենք համաձայն ենք, թող դռները, բեռնախցիկը կնիքեն, գանք»։

Ապրիլյան պատերազմի մասնակից Արմեն Ապրեսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց հետ հանդիպել է ՌԴ–ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը. «Ասաց սա ձեր տարածքը չի, չջարդեք, չփշրեք, չավիրեք։ Մենք հիմա զբաղվում ենք այս հարցով, բայց մինչեւ հուլիսի 1–ը հույս չունենաք, որ հնարավոր կլինի վերադարձը Հայաստան։ Ես էլ ասացի ես պատերազմին մասնակցած տղա եմ, իրավունք չունե՞մ իր երկիր գնալու, հայրս էլ մահացած է, վատառողջ մամայիս ու 4 ամսական երեխայիս գնամ տեսնեմ։ Պատասխանեց, որ հասկանում է, բայց մենք էլ պետք է հասկանանք…»։

Քաղաքացիները նաեւ տեսանյութ են տրամադրել, որում երեւում է, որ տարածքում նաեւ վրան կա տեղադրված եւ նրանցից մի քանիսն այնտեղ են գիշերում։