Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՆԻԿՈԼ, ԳՆԱ՛

Նիկոլ, գնա։ Տեսնում ես ու չես կարող չխոստովանել, որ քո իշխանությունը եւ ողջ հասարակությունը դեպրեսիայի ու կաթվածի մեջ է։ Քո կառավարությունը չի կարողանում բավարարել մարդկանց ամենատարրական կարիքները, հիվանդներն արդեն տանն են մահանում՝ պետության կողմից մոռացված, նույնիսկ՝ մերժված։ Անգամ փայտիկ չկա, որ հիվանդները վրան թքեն։ Մեղավորներ փնտրելու ժամանակը չէ հիմա, պետք չէ կրկին ու կրկին հասարակությանը մեղադրել, նկարներ հրապարակել, լայվեր անել, ու փորձել պայծառ ապագան ներկայացնել «Հիվանդությունից բուժումը հիվանդանալու մեջ է» սիլլոգիզմով։

Նիկոլ, գնա։ Քո խոսքը չեն լսում ու չեն լսելու, քանի որ երբ պետք էր պայքարել հիվանդության դեմ, դու Հրայրի դեմ էիր պայքարում, դու ընդդիմադիրներին կուլակաթափ անելու օրենքներ էիր ընդունում, մարդկանց անձնական կյանքերն էիր քրքրում։ Դու քո ժամանակը անթույլատրելիորեն բաց թողեցիր, այնպես որ, հիմա գնա, քանի որ երկիրը փրկելու համար միայն հասարակության համախմբվածությունը քիչ է, քո աթոռը այս դեպքում կարեւոր է, շատուշատ գործառույթներ կան, որ պետք է անի այդտեղ նստած մարդը։ Պետության իմաստն ու բնույթն է այդպիսին, այնպես, որ գնա։ Դու լավ գիտես, որ կան լուծումներ, բայց նաեւ գիտես, որ այդ լուծումները քո իշխանության ժամանակ անհնար են։

Նիկոլ, գնա։ Գիտեմ, որ քո համար հաճախ են եղել հրաշագործ փրկություններ։ Հիմա էլ նստած սպասում ես հրաշքին, բայց այս անգամ չի լինելու։ Անգամ եթե պատերազմ սկսվի, դա էլ քեզ չի փրկի։ Քո մնալու ամեն օրն ավելացնում է նորանոր մահեր, գոնե մի անգամ ինքդ հավատա քո ասած՝ «Սիրում եմ բոլորիդ»-ին ու գնա։ Մեկ օր շուտ գնաս, հարյուրավոր կյանքեր կփրկես, հազարների անեծքից ու հայհոյանքից կպրծնես։ Քո փրկությունը գրեթե անհնար է, թող գոնե ուրիշները փրկվեն։ Չեմ կարծում, որ հիմա վայելք է մի երկու գդալ ավել իկռան, դաչայի բակից պոկած մի երկու գիլասը, եւս մեկ ինքնաթիռ մաքսանենգ սիգարետը կամ զրահապատ «Մերսեդեսի» պատուհանից մեկ օր ավել մեռնող քաղաքին նայելը։

Նիկոլ, գնա։ Քո համար էլ ակնհայտ է, որ դու չես կարողանալու այս ճգնաժամից դուրս գալ։ Թիմ չկա, թիմակիցները ջղաձգումների մեջ են մեկուսի։ Այնքան խորն է հասարակության դեպրեսիան, որ չի կարողանում մի կարգին ընդդիմություն հավաքել, որը կվերցնի գետնին ընկած իշխանությունը ու քեզ կպարտադրի հեռանալ։ Դու ինքդ շատ լավ գիտես բոլոր սահմանադրական ու հակասահմանադրական ձեւերը։ Դրանցից մեկը ընտրիր ու գնա»։