Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբեր է անում եւ դպրոցների տնօրենների է հեռացնում՝ իրենց աշխատասենյակներում ատեստատներ տալու ժամանակ 5-10 շրջանավարտ ընդունելու համար, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ամուսնացնում է որդուն եւ ողջ թաղամասը դղրդում է հարսանեկան երաժշտությունից։ Այս մասին հայտում է Hraparak.am-ը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրեւանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։ Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները։