Արարատի մարզի Գեղանիստի համայնքապետարանի ղեկավարի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են մեկ այլ` Արարատի մարզի Զորակի համայնքապետարանի աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված կոռուպցիոն հանցագործություններ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես պարզվել է, որ Զորակ համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր հաշվապահի, հաշվետար-գանձապահի եւ մի քաղաքացու օժանդակությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում համայնքի ֆինանսական միջոցներից վատնման եղանակով առերեւույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.8մլն ՀՀ դրամ գումար:

Համայնքի ղեկավարը մարզի Այնթապ համայնքի մի բնակչուհու 2012թ. դեկտեմբերի 4-ի իր մի որոշմամբ նշանակել է Զորակի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնին` նախապես տեղյակ լինելով, որ վերջինս չի հաճախելու աշխատանքի: Այդ հաստիքում  վերջինս հրամանագրված է եղել մինչ 2018թ. մայիսի 26-ը, սակայն երբեւէ աշխատանքի չի եկել եւ չի կատարել իր վրա դրված պարտականությունները:

Այդ պայմաններում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի  հետ նախնական համաձայնությամբ, տվյալ անձի, համայնքապետարանի գլխավոր հաշվապահի եւ հաշվետար-գանձապահի օժանդակությամբ աշխատավարձերի  հաշվարկի  տեղեկագրերում, աշխատողների հաճախելիության հաշվառման մատյանում, համայնքապետարանի աշխատավարձի վճարային տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ նշված անձի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ տեղեկագրերի հիման վրա համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի ղեկավարի ապօրինի ցուցմումով յուրաքանչյուր ամիս հաշվարկել է աշխատավարձ եւ  պարտադիր այլ վճարներ եւ այդ ժամանակահատվածում համայնքապետարանի կողմից նշված անձի անվամբ փոխանցվել է ընդհանուրը` 3.779.696 ՀՀ դրամ աշխատավարձ, որն ամբողջությամբ ստացվել եւ տնօրինվել է վերջինիս կողմից:

Այդ կերպ կատարվել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաեւ վատնման եղանակով Զորակ համայնքի ֆինանսական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով նշված գումարը:

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Զորակ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս 4 անձի մեղադրանքներ են առաջադրվել առերեւույթ այդ հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու կամ հանցակցելու հատկանիշներով: 

ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից դրսեւորված հետեւողականության արդյունքում ենթադրյալ հանցագործությամբ պատճառված, գործի քննության սույն փուլում պարզված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

 Նախաքննությունը շարունակվում է: