Ռուսաստանը պատրաստ է երկրում կուրորտային սեզոնի աստիճանական բացմանը: Այս մասին փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «Ինտերֆաքս» -ը:

«Մենք պատրաստ ենք կուրորտային սեզոնի աստիճանական բացմանը: Հունիսի 1-ից մի շարք մարզերում արդեն վերաբացվել են առողջարանները, որոնք բժշկական արտոնագրեր ունեն: Մշակվել է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի՝ կարանտինային սահմանափակումների ռեժիմից դուրս բերման պլանը»,- ասել է Միշուստինը:

Իր հերթին, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն հայտարարել է, որ մարզպետներին հանձնարարվել է մինչեւ հունիսի 15-ը նախապատրաստել իրենց մարզերում զբոսաշրջության ոլորտի բացման պլանները: Ըստ նրա՝ արդեն հիմա ավելի քան 40 սուբյեկտում իրավիճակը թույլ է տալիս անցնել հյուրանոցների բացմանը: