Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Այսօր երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը եւ ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։

Ցավակցում ենք ՀՔԾ եւ դատախազությանը»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:

2019թ.-ի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում,  նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել ու այն կնիքվել էր։