Թուրքական ոստիկանությունը երկու լրագրողի է ձերբակալել՝  «քաղաքական եւ ռազմական լրտեսություն» գործով հետաքննության շրջանակներում հարցաքննելու համար, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը:

Գործակալությունը հայտնել է, որ երկու լրագրողները՝ Անկարայում TELE1 հեռուստաալիքի ներկայացուցիչ Իսմայիլ Դուկելը եւ OdaTV-ից Մույեսեր Յըլդըզը, հարցաքննվել են ահաբեկչության դեպ պայքարի վարչությունում: Ըստ OdaTV-ի՝ Յըլդըզը, ով ռազմական հարցեր է լուսաբանում,  ձերբակալվել է իր տան խուզարկությունից հետո, որի ընթացքում ոստիկաններն էլեկտրոնային նյութեր էին առգրավել, նշվում է կայքում:

Մայիսին իշխանությունները յոթ լրագրողի, այդ թվում՝ OdaTV-ի երկու խմբագրին եւ  լրագրողին, մեղադրել էին հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող օրենքների խախտման մեջ՝ Լիբիայում սպանված հետախուզական ծառայողի մահվան մասին ռեպորտաժի համար: Լրագրողները դատարանի առջեւ կկանգնեն այս ամսվա վերջին:

Ըստ լրագրողների թուրքական սինդիկատի տվյալների՝ ներկայումս 85 լրագրող եւ լրատվամիջոցների այլ աշխատողներ գտնվում են բանտում՝ Թուրքիայի հակաահաբեկչական լայնածավալ օրենքների համաձայն: Նրանցից շատերը ձերբակալվել են 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո բռնաճնշումների արդյունքում: