Բելառուս գազ մատակարարման արժեքի վերաբերյալ բանակցությունները կարող են վերաբերել միայն 2021-ին, ներկայիս պայմանները վերջնականապես համաձայնեցվել են փետրվարի 14-ին: Այս մասին նշվում է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝ Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկեւիչին ուղղված նամակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միլլերը նաեւ նշել է, որ ապագա շփումների պայմանը բելառուսական կողմից ներկայիս համաձայնագրի լիարժեք պահպանումն է: Ըստ երեւույթին, խոսքը մատակարարված գազի համար պարտք վճարելու մասին է: Այդպես, ռուսական ընկերությունը հրաժարվել է իջեցնել հանրապետություն մատակարարումների գինը՝ Եվրոպայում գների անկման ֆոնին:

Ավելի վաղ Կարանկեւիչը նամակ էր ուղղել Միլլերին, որում պարտքերի շուրջ վեճերը կապել էր «Բելտոպգազ»-ի, «Նավթան»-ի եւ «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ի դիրքորոշումների հետ: Ընկերությունները տարբեր մեթոդներ են օգտագործում գազի արժեքը որոշելու համար՝ հաշվի առնելով դրա կալորիականությունը:

Նախարարը ռուսական կողմին առաջարկել էր բացատրել, թե ինչպես են նրանք գնահատում գազի արժեքը, ինչպես նաեւ խոստացել էր ստուգել մեթոդաբանությունը՝ ազգային օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից: Ընդ որում, Կարանկեւիչի նամակում նշվում է, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները հարցը լուծելուց հետո պետք է վերաբերեն ոչ միայն 2021-ին, այլեւ պայմանագրի ընթացիկ պարամետրերին: