Չինաստանը մինչեւ ընթացիկ տարվա վերջը հինգերորդ սերնդի ցանցի (5G) համար կտեղադրի ավելի քան 600 000 բազային կայան, ինչը կգործի շրջանային նշանակության բոլոր քաղաքներում։ Այս մասին հայտնել է Շանհայի տեղեկատվական «Իցայ գլոբալ» ռեսուրսը՝ հղում անելով ՉԺՀ արդյունաբերության  եւ տեղեկատվության նախարարությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ներկայում երկրի երեք խոշոր բջջային օպերատորները՝ «China Unicom»-ը, «China Telecom»-ը եւ «China Mobile»-ը, տեղադրել են ավելի քան 250 000 բազային կայաններ, իսկ հինգերորդ սերնդի կապի օգտատերերի ընդհանուր թիվը հասել է 36 միլիոնի: Մայիսի վերջի դրությամբ 5G-ին աջակցող բջջային հեռախոսների մատակարարումների ծավալը գերազանցել է 59 միլիոն միավորը: Մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը, հաստատության կանխատեսման համաձայն, պետք է կազմի մոտ 180 միլիոն միավոր:

Այս տարվա առաջին երեք ամիսներին կորոնավիրուսի համավարակի պայմաններում 5G ցանցի համար ենթակառուցվածքների ստեղծման գործընթացի որոշակի դանդաղման պատճառով այս ուղղությամբ աշխատանքներն այժմ իրականացվում են արագացված տեմպերով: Ամեն շաբաթ, ըստ նախարարության տվյալների, Չինաստանում տեղադրվում են ավելի քան 10 000 բազային կայաններ: Ընդ որում, բջջային օպերատորները վերջերս հայտարարել են 5G-ի օգտատերերի համար փաթեթների սակագների իջեցման մասին: