Մենք դրական ախտորոշվել էինք նախորդ կիրակի, եւ 7 օր անց բացասական թեստի առկայությունը մեզ ստիպում է, որ մենք վերանայենք մեր վարակվելու ժամկետների ու հանգամանքների մասին պատկերացումները: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքն ու իր ընտանիքը կորոնավիրուսը արդեն հաղթահարել են:

«Իհարկե, մենք դրանով մենք զբաղվում ենք, մեր դրական փորձը կօգնի օգտակար հետեւություններ անել: Դրանք մենք կկիսենք հանրության հետ: Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա է արձանագրվում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեր հայրենակիցներին, որոնք միանում են հակահամաճարակային շարժմանը»,-ասաց Փաշինյանը նկատելով, որ հակահամաճարակային շարժումն իր արդյունքները կարող է տալ ամենաշուտը մեկ շաբաթից, որովհետեւ վարակի հնարավոր ամենակարճ շրջանը համարվում է 7 օրը:

Անդրադառնալով համաճարակի դեմ պայքարին, Փաշինյանը նշեց. «Մենք համոզված ենք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, որը 100 տոկոսով արդյունավետ կլինի այն պարագայում, եթե մեր քաղաքականության եւ կանոնների պահպանման մեր կոչերը ավելի շատ լսելի լինեն: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու մեր կոչը նույնպես արձագանք է ստացել եւ ես հույս ունեմ, որ կձեւավորվեն կամավորների մաքսիմում երկու հոգանոց խմբեր, որոնք կոնները պահպանելով մեր մյուս  քաղաքացիներին սիրով կիրազեկեն կանոնները պահպանելու կարեւորության մասին: Նրանք կմտնեն շուկաներ, բակեր եւ առանց կոնֆլիկտային իրավիճակներ հրահրելու, սիրով, հոգատարությամբ, եղբայրաբար կհորդորեն, որ բոլորը պահեն կանոնները»,-ասաց նա: