Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, թե կառավարությունը չի կոնսոլիդացնում երկրում եղած ներուժը եւ մասնավոր բուժհիմնարկներին չի առաջարկել հնարավորության դեպքում միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին:  Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնավոր «Էրեբունի» հիվանդանոցը շատ վաղուցվանից է ներգրավված, մասնավոր «Արմենիա» ԲԿ-ն, «Աստղիկ» ԲԿ-ն շատ վաղուցվանից են ներգրավված:

Խնդիրն այստեղ հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է, որովհետեւ կառավարությունը, առողջապահության նախարարությունն այս հարցը դիտարկելիս շատ կարեւոր է համարում, որ մյուս առողջապահական հատվածները, բաժինները հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսային բաժիններից, որպեսզի հիվանդների շրջանում վարակը չտարածվի:

Ինչ վերաբերում է պարոն Արծրունու հրապարակմանը, ես տեղյակ եմ, որ հրապարակումից երեք օր առաջ այդ թեման լուծված է եղել արդեն, եւ նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ կայացրել է որոշում:

Առողջապահության նախարարությունը բոլոր բուժհաստատությունների հնարավորությունները գույքագրել է եւ ըստ անհրաժեշտության  կայացրել է որոշում: Երեկվանից մենք տվել ենք բաց հայտարարություն, որին կարող են արձագանքել: Երբ կլինեն արձագանքներ, մենք ըստ այդմ կարող ենք գնահատել իրավիճակը:

Բժշկական հիմնարկները ծավալվում են ըստ անհրաժեշտության: Առողջապահական ծավալումը միայն շենք եւ  սարքավորում չէ: Շատ կարեւոր է, որ դրանք օգտագործվեն բարձր որակավորման մասնագետների կողմից, որպեսզի մենք լավ վիճակում գտնվող շենքում կարողանանք ապահովել նաեւ բարձ որակի բուժսպասարկում»,-ասաց Փաշինյանը: