Եվրոյի գոտում տնտեսական անկումը երկրորդ եռամսյակում կկազմի ՀՆԱ-ի 14%-ը՝ տարեկան կտրվածքով, 2020-ին, ընդհանուր առմամբ՝ 8,7%-ը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը՝ երկուշաբթի ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական եւ դրամական հարցերով հանձնաժողովի առցանց-լսումներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՀՆԱ-ի կրճատումը 1-ին եռամսյակում կազմել է 3,8%, 2-րդ եռամսյակի մեր կանխատեսումը կազմում է 14%, իրական ՀՆԱ-ն 2020թ. կընկնի մինչեւ 8,7%, 2021թ. մենք ակնկալում ենք վերականգնման սկիզբ՝ 5,2%-ի մակարդակով»,- հայտարարել է նա։ Նա ընդգծել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը համավարակի պայմաններում «առաջին անգամ ստիպված է եղել ստեղծել սեփական տնտեսական կանխատեսումները», ավելի վաղ բանկը «գործում էր միայն տարբեր սցենարներով»:

«Մենք բախվել ենք ճգնաժամի, որն աննախադեպ է խաղաղ ժամանակներում, ճգնաժամ, որի համար ոչ ոք մեղավոր չէ, ճգնաժամ, որը դարձել է ասիմետրիկ ցնցում եվրոպական եւ համաշխարհային տնտեսության համար»,- ասել է նա: Լագարդն ընդգծել է, որ համավարակի անմիջական տնտեսական հետեւանքների դեմ պայքարի եւ դրա զսպման համար կարանտինային միջոցառումների համար ԵԿԲ-ն ձեռնարկել է «մի շարք արտակարգ միջոցառումներ, որոնք ուղղված են մատչելի իրացվելիության ապահովմանը»:

Լագարդն ընդգծել է, որ եվրոպական տնտեսության երկարաժամկետ վերականգնման համար ԵՄ ինստիտուտները եւ անդամ երկրները պետք է հնարավորինս շուտ համաձայնեցնեն Եվրամիության 2021-2027 թվականների հեռանկարային բյուջեն: Լագարդը նշել է, որ ԵԿԲ-ն իր լիազորությունների սահմաններում աջակցում է այս ծրագրին:

ԵՄ բյուջեի հիմնական նպատակը այդ ժամանակահատվածի համար, Եվրահանձնաժողովի առաջարկով, պետք է լինի համավարակի հետեւանքների դեմ պայքարը, մասնավորապես, ԵՄ «կանաչ» եւ «թվային» տնտեսությունների մեջ ներդրումների ընդլայնման միջոցով: ԵՄ յոթ տարվա ընդհանուր բյուջեն, Եվրոպական հանձնաժողովի ծրագրի համաձայն, պետք է կազմի 1,85 տրիլիոն եվրո: Այժմ այդ առաջարկները պետք է հաստատվեն ԵՄ երկրների եւ Եվրախորհրդարանի կողմից: