Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը Սաուդյան Արաբիայում կազմել է 3369։ Twitter-ում երկուշաբթի նման տվյալներ է հայտնել թագավորության առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։  

Գերատեսչության տվյալներով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 105 283-ի։ Ընդ որում, համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից բուժվել են 74 524 պացիենտներ (հիվանդացածների մոտ 70.7%-ը), մահացել են 746-ը (0,7%)։

Մայիսի 26-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացման մասին։ Մասնավորապես, մայիսի 28-30-ը, պարետային ժամը չեղյալ է հայտարարվել 06:00-ից մինչեւ 15:00-ն ընկած ժամանակահատվածի համար, իսկ մայիսի 31-ից՝ մինչեւ 20:00-ը՝ ամբողջ երկրում, բացառությամբ Մեքքայի: Թույլատրվել է անձնական մեքենաներով երթեւեկել տարածաշրջանների միջեւ, բացվլ են խանութներն ու առեւտրի կենտրոնները, թագավորության ողջ տարածքում վերականգնվել են ուրբաթ օրվա աղոթքները մզկիթներում՝ պայմանով որ հավատացյալները կպահպանեն 2մ սոցիալական հեռավորությունը։ Մայիսի 31-ից հունիսի 20-ը ծրագրվում է վերականգնել պետական հաստատությունների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի ձեռնարկությունների գործունեությունը։

Միաժամանակ, անցյալ ուրբաթ օրը թագավորության իշխանությունները կորոնավիրուսի պատճառով որոշում են կայացրել երկու շաբաթով, շաբաթ օրվանից սկսած, երկարաձգել արտակարգ դրության տեւողությունը Ջիդայում: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչներին թույլատրվում է իրենց տները լքել միայն տեղական ժամանակով 06:00-ից 15:00-ը, իսկ մնացած ժամերին գործում է պարետային ժամը: Բացի այդ, Ջիդայում փակ են մնում մասնավոր եւ պետական հաստատությունները, ինչպես նաեւ՝ մզկիթները։