Նիկոլ Փաշինյանը ստում էր, որ վարակվել էր կորոնավիրուսով, դրան ես, ինչպես նաև շատերդ սկզբից էլ չէինք հավատում, և վստահ եմ, որ ճիշտ էինք անում: Փաստացի պարզվեց, որ մարդը ստում էր,- այս մասին այսօր` հունիսի 8-ին,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել  է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու եւ բուժվելու լուրերին, այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և վարակի դեմ պայքարի եղանակներին:

Նարեկ Սամսոնյանի խոսքով` վարչապետի վարակվելու մասին լուրը սուտ է բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկն այն է, որ եթե նա վարակված լիներ, ապա իր հետ միասին վարակված կլինեին այն բազմաթիվ մարդիկ, որոնք այդ օրերին շփում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հետևաբար Փաշինյանը բոլորիս ստել է, նա, ինչպես միշտ, հանրությանը հրամցրեց այդ մեծ սուտը, և տեսնելով, որ հանրությունն այսպես թե այնպես չի հավատում, այսօր որոշեց, որ ինքը լավացել է»,- ասել է նա:

Ըստ Սամսոնյանի` դրանով Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր  քաղաքական տարատեսակ դիվիդենտներ շահել,  ցանկացել  է տպավորություն ստեղծել, որ ինքը ևս տուժել է Հայաստանում ստեղծված ծանր դրությունից։ 

«Իրականում տեղի է ունեցել մեծ դավաճանություն` ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- ասել է Սամսոնյանը:

Անդրադառնալով երկրում զանգվածային պաշտոնանկություններին և իրենց դիմումների համաձայն ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին` Սամսոնյանը նշել է.

«Էս տղան պետական համակարգի կառավարման, մարդկային, պաշտոնական էթիկայից այնքան հետու է, որ արդեն վաղուց սկսել է հայհոյել, մարդկանց հետ խոսել մուննաթով։ Ես ունեմ տեղեկություն, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Արման Սարգսյանին վերջին ձևով հայհոյել է, նա չգիտի, ինչպես վարվել կադրերի հետ, ինչպես կառավարել երկիրը: Ժանտախտի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քանդում է Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմնասյուները, պետական ապարատի հերն անիծել է: Մենք մեծ խնդրի առաջ ենք կանգնած, և սրա համար բոլորս ենք պատասխան տալու, որևէ մեկը թող չմտածի, որ չի տուժելու այս իրավիճակից, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռ փետրվարից որոշել էր, որ կորոնավիրուսն այդքան էլ կարևոր չէ, ինչքան Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելը»:

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝  Հայաստանում, դեռ չորս ամիս առաջ՝ փետրվարից, եղել են կորոնավիրուսով վարակված հիվանդներ, սակայն քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար առաջնային խնդիր եղել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ապօրինի կերպով պաշտոնանկ անելը, այդ իսկ պատճառով կորոնավիրուսի թեման այդ ժամանակ դեռևս քողարկվել է:

«Այս մարդը, փաստացի բոլորիս առողջության հետ խաղալով, ուզում էր անել հանրաքվե այն պարագայում, երբ Հայաստանում կային արդեն կորոնավիրուսով վարակված անձինք», պնդել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը:

Նարեկ Սամսոնյանը մեկնաբանել է նաեւ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի եւ դրան հաջորդած պաշտոնանկության թեմային.

«ԶՈւ ԳՇ պետը, որը կարգուկանոնի թիվ մեկ օրինակը պետք է լինի ՀՀ-ում, թքած ունի կարգուկանոնի վրա, ես մինչև վերջ չէի հավատում, որ դա ճշմարտություն է: Այո, նրան հեռացնել էր պետք, չնայած կա մի կարևոր հանգամանք. Նիկոլ Փաշինյանի նման մարդու վրա պետք է թքած ունենալ: Շնորհավորում եմ, պարոն Արտակ Դավթյանին և մյուս հրաժարական  ներկայացրածներին, քանի որ նրանք ժամանակին կարողացան դուրս գալ խորտակվող նավից։ Այո, քանի որ մենք գործ ունենք պաթետիկ ու ողջ կյանքը ստի ու կեղծիքի վրա կարիերա, ընտանիք, ապրուստ կառուցած մարդու հետ»: