Ուժի մեջ են մտել դեռ կես տարի առաջ հայտարարված ԱՄՆ պատժամիջոցները իրանական IRISL (Islamic Republic of Iran Shipping Lines) տրանսպորտային ընկերության նկատմամբ: Ըստ Վաշինգտոնի՝ այս ընկերությունը մասեր է տեղափոխում, որոնք Իրանին օգնում են զանգվածային ոչնչացման զենք ստեղծել:

«Այժմ Թեհրանի հետ համագործակցող կոմերցիոն եւ բեռնափոխադրման ոլորտի ներկայացուցիչները պետք է հանրապետություն ապրանքներ մատակարարելու այլ մեթոդներ փնտրեն»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ IRISL նավատորմը հարյուրից ավելի նավ ունի:

2018 թվականի նոյեմբերին Վաշինգտոնը խստացրել էր պատժամիջոցները Իրանի դեմ: Սեւ ցուցակում են հայտնվել ավելի քան 700 բանկ, ընկերություններ եւ անհատներ: Սահմանափակվել էր նաեւ իրանական նավթի մատակարարումը համաշխարհային շուկա: