Իրանի իշխանությունները մահվան են դատապարտել քաղաքացու, ում կասկածում են ԱՄՆ ԿՀՎ-ի եւ Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցության ու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրելու մեջ: Այս մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, փոխանցում է Mehr գործակալությունը: 

«Մահմուդ Մուսավի Մաջդը կապված էր ԿՀՎ-ի ու «Մոսադի» հետ եւ դոլարով պարգեւատրման դիմաց զբաղվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի լրտեսմամբ»,- ասել է նա: Իսմայիլին հավելել է, որ «այդ մարդը թշնամիներին է փոխանցել Սոլեյմանիի գտնվելու վայրը»:

Դատական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ «Մաջդը դատապարտվել է մահապատժի, եւ դատավճիռը շուտով կկատարվի»: