Փոքրիկ եգիպտական սարկոֆագը՝ բազեի գլխի պատկերով, որը պահվում է բրիտանական թանգարաններից մեկում, իր մեջ մեռելածին երեխայի մումիացված աճյուն է թաքցրել։ Այդ փաստը հայտնաբերելուն օգնել է բարձր թողունակությամբ համակարգչային տոմոգրաֆիան, հայտնում է Planet- today-ը։

Խոսքը «Մումիացված Բազե EA 493» անվանումով մումիայի մասին է, որը եղել է Անգլիայում Մեյդսթոնի թանգարանի ցուցանմուշներից մեկը։ Փոքր սարկոֆագը հաստատում էր մումիացված թռչնի մասին ենթադրությունները, այդ պատճառով գիտնականները երկար ժամանակ չէին էլ մտածում ստուգել, թե ինչ է իրականում թաքցնում սարկոֆագը։

Տոմոգրաֆիան ցույց է տվել, որ սարկոֆագի մեջ գտնվում են արական սեռի երեխայի ոսկորներ, երեխան վաղաժամ է ծնվել, մոտավորապես հղիության 22-28 շաբաթների միջեւ։ Նա, հավանաբար, մահացած է ծնվել եւ զարգացման՝ մասնավորապես գանգի ու ողնաշարի լուրջ դեֆեկտներ է ունեցել։

«Նա մեռելածին է եղել: Պտուղը ճիշտ չի զարգացել՝ գանգի վերին մասը չի ձեւավորվել, ողերը չեն փակվել, իսկ երեխայի ականջները գլխի հետեւի մասում են եղել: Գանգի դեֆորմացիան այնքան լուրջ է եղել, որ գրեթե ուղեղ չի ունեցել: Բացի այդ, երեխայի մոտ հայտնաբերվել է գայլային երախ եւ նապաստակի շրթունք: Այն փաստը, որ երեխային թաղել են բազեի պատկերով սարկոֆագի մեջ, վկայում է, որ նրան շատ յուրահատուկ են համարել»,- ասում են հնագետները: