Ոչ ոք չի կարող հանձնարարել Հատուկ քննչական ծառայության ղեկավարին կալանավորել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Այս մասին ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանն ասաց լրագրողների հետ զրույցում։ Այնուհետեւ ճեպազրույցը ընթացավ Խաչատրյանին հատուկ ոճով՝ հարցերի մեծամասնությանը պատասխաններ չտրվեցին։

Այն հարցին, թե օրերս Արթուր Վանեցյանը հարցաքննության է եղել ՀՔԾ-ում, մի՞թե նա նշանակալի տեղեկություններ է հայտնել, Խաչատրյանն ասաց․ «Եկեք այդ հարցին չպատասխանեմ»։

Այն հարցին, թե հարցաքննվել են արդյոք Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված այլ անձինք, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ ընթանում է գործընթաց, սակայն անհրաժեշտ չի համարում դրանց պատասխանել։

Խոսելով այն մասին, թե կա արդյոք առաջընթաց «Մարտի 1-ի» գործով հետաքննության մեջ, ՀՔԾ պետն ասաց, որ գործը «տեղում կանգնած չէ»։ «Կատարվում է քննություն, որի մասին ես չեմ ուզում խոսել»,- հայտարարեց նա։

Լրագրողի այն ակնարկին, թե ինքնաձիգի փամփուշտները փոխելը բարդացնում է գործի բացահայտումը, ՀՔԾ պետն ասաց․ «Իսկ ո՞վ ասաց, որ միայն ինքնաձիգից են սպանվել։ Հետաքննության տվյալներով՝ փոխվել են ոչ միայն ինքնաձիգների փամփուշտները, այլեւ «Մակարով» ատրճանակի փամփուշտները»։

Այն հարցին, թե գրավվել են արդյոք նոր մեղադրյալներ «Մարտի 1-ի» առանձնացված գործով, Խաչատրյանը պատասխանեց, որ այժմ նույնպես ներգրավված անձինք կան։

Այն նհարցին, թե պատրաստվում են արդյոք նրան նոր պաշտոնի նշանակել, Խաչատրյանը պատասխանեց․ «Ո՞վ է ասում։ Հարցրեք նրանց, ով տարածում է այդ տեղեկատվությունը»։

Այն հարցին, թե իսկապե՞ս իր դատավոր հայրը արդարացրել է ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․ «Դուք ինձ երկու հարց եք տալիս, որոնցից մեկը քաղաքական բնույթ ունի, իսկ մյուսը՝ անձնական բնույթ։ Ես չեմ պատասխանի ոչ քաղաքական, ոչ անձնական հարցին»։