Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությունը, ով մահացել էր Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) ոստիկանների կողմից ձերբակալվելուց հետո, տեղի է ունեցել երեքշաբթի Տեխաս նահանգի խոշորագույն քաղաք Հյուսթոնի արվարձանում: Սգո փակ արարողությունը, որին թույլ են տվել մասնակցել միայն ընտանիքի անդամներին, հանգուցյալի ընկերներին եւ սահմանափակ թվով հյուրերի, հեռարձակվել է ամերիկյան հեռուստաընկերություններով, այդ թվում՝ CNN-ով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թաղմանը նախորդել է հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Ֆլոյդի մտերիներին են դիմել հոգեւոր առաջնորդները, քաղաքական, հասարակական գործիչներ: Տեղական ժամանակով մոտ 18:00-ին հանգուցյալի հուղարկավորությունը կատարվել է Հյուսթոնի արվարձանի Փերլենդ գերեզմանատանը:

Հյուսթոնի The Fountain of Praise եկեղեցում հրաժեշտի արարողությունը սկսվել է տեղական ժամանակով մոտ 11:00 եւ տեւել գրեթե 4 ժամ: Ի տարբերություն երկուշաբթի հանրային արարողության, որին մասնակցել էր Միացյալ Նահանգների տարբեր ծայրերից եկած մի քանի հազար մարդ, երեքշաբթի տեղի ունեցած միջոցառումը փակ էր լայն հանրության համար: Դրան մասնակցել է 500 մարդուց ոչ ավելի՝ հանգուցյալի ընտանիքը, մտերիմները, ընկերները, քաղաքական գործիչներ, քարոզիչներ, հասարակական առաջնորդներ: