Կորոնավիրուսի համավարակի հետեւանքներ կդառնան միջազգային լարվածության աճը, քաղաքական անկայունությունը եւ սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացումն շխարհի շատ երկրներում: Նման կանխատեսում է պարունակվում չորեքշաբթի Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի տարեկան զեկույցում, որը վերլուծում է իրավիճակը 163 պետությունում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 99.7 տոկոսը:

Ինստիտուտը «Խաղաղության գլոբալ ինդեքսը» (Global Peace Index) կազմում է արդեն 14 տարի, որը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալական համախմբվածության մակարդակը, մարդու իրավունքներին հետեւելը, քաղաքական եւ տնտեսական կայունությունը, բանտարկյալների քանակը, ահաբեկչական սպառնալիքների մակարդակը, պաշտպանական ծախսերը եւ այս կամ այն երկրի մասնակցությունը ռազմական գործողություններում: 2020-ին զեկույցի հեղինակները նշում են գլոբալ ինդեքսի անկումը եւ կանխատեսում են, որ այս միտումը կշարունակվի նաեւ ապագայում, առաջին հերթին՝ համավարակի երկարաժամկետ ազդեցության պատճառով:

«Տնտեսական ցուցանիշների՝ 2019 թվականի նախաճգնաժամային մակարդակին վերադառնալու համար կարող է մոտ հինգ տարի պահանջվել: Մենք ակնկալում ենք, որ համավարակը բացասաբար կազդի ցուցանիշների մեծ մասի վրա, որոնք մենք հաշվի ենք առնում ցուցանիշը կազմելիս,- ՏԱՍՍ-ին հայտարարել է  Տնտեսության եւ ւխաղաղության ինստիտուտի հիմնադիր Սթիվ Կիլելեան:- Միեւնույն ժամանակ, ինդեքսի համար դրական կլինի ռազմական ծախսերի սպասվող կրճատումը եւ միջնորդավորված հակամարտությունների ֆինանսավորումը: Օրինակներ այստեղ կարող են լինել Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Սաուդյան Արաբիայում, Եմենում կամ «Հըզբոլահին» Իրանի կողմից ցուցաբերվող աջակցությունը»:

Ըստ Կիլելեայի՝ ինստիտուտի փորձագետները կանխատեսում են, որ համավարակի հետեւանքով առաջացած համաշխարհային տնտեսական անկումը կհանգեցնի բռնություններով ուղեկցվող գործադուլների, զանգվածային ցույցերի եւ հակակառավարական ցույցերի թվի կտրուկ աճի: Եվրոպայում քաղաքական անկայունության աճ է սպասվում: Հնարավոր է նաեւ միջազգային կոնֆլիկտների ինտենսիվացում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ խորացող առճակատման պատճառով: Չի բացառվում նաեւ աշխարհի թեժ կետերում հակամարտությունների սրացում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ծրագրերի թերի ֆինանսավորման պատճառով, կարծում է ինստիտուտի հիմնադիրը:

Աշխարհի ամենախաղաղասեր երկիրը մնում է Իսլանդիան, որը պահպանում է առաջին տեղը 2008 թվականից ի վեր: Դրան հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան եւ Դանիան, որոնց դիրքերը եւս չեն փոխվել:

Աֆղանստանը շարունակում է մնալ վերջին՝ 163-րդ տեղում, մեկ հորիզոնական վերեւ է գտնվում Սիրիան է: Իրաքը 160-րդից իջել է 161-րդ հորիզոնական, իսկ դրա տեղը զբաղեցրել է Հարավային Սուդանը՝ բարձրանալով մեկ կետով: Ուկրաինան բարելավել է իր դիրքերը մեկ կետով՝ զբաղեցնելով 148-րդ տեղը:

Խաղաղասիրության ինդեքսի աճ է նկատվել 81 երկրում, իսկ վատթարացում՝  80-ում: Տարածաշրջանային մակարդակում բարելավում է նկատվել միայն զեկույցի հեղինակների կողմից առանձնացված ​​ինը տարածաշրջաններից երկուսում՝ Ռուսաստանում եւ Եվրասիայում, ինչպես նաեւ՝ Հյուսիսային Ամերիկայում:

Մի շարք երկրներում ցուցանիշենրի բարելավումը կապված է ահաբեկչական հարձակումների զոհերի թվի նվազման հետ: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, այս ցուցանիշն արդեն չորս տարի անընդմեջ անկում է ապրում, եւ այդ ընթացքում ընկել է 75 տոկոսով: Ըստ Կիլելեայի՝ դա պայմանավորված է ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ տարած հաղթանակով եւ «Բոկո հարամ» խմբավորումից նիգերիացի իսլամիստների դեմ պայքարում հասած հաջողություններով: