ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դիմել է Սենատի՝ օտարերկրյա գործողությունների հարցերով հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Վաշինգտոնի կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը:

Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը    մանրամասնելով, որ տվյալ ազդեցիկ Ենթահանձնաժողովը կազմում է 2021թ. ֆիսկալային տարվա օտարերկրյա օգնության վերաբերյալ օրինագծի իր տարբերակը:

ANCA-ի՝ պետական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, դիմելով Ենթահանձնաժողովին, ընդգծել է այն կարևոր դերակատարումը, որը Միացյալ Նահանգները կարող է ունենալ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացման հարցում:

«Մենք Ենթահանձնաժողովի անդամներին խնդրում ենք Վարչակազմին խրախուսել Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթում առնվազն քսանհինգ միլիոն դոլար ներառել և այդպիսով օգնել կառավարությանը հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամի առաջացրած երկարաժամկետ տնտեսական հետևանքները»,-նշել է Երիմյանը՝ հիշեցնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերի մասին:

Երիմյանն իր խոսքում ընդգծել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության ականազերծման աշխատանքների ֆինանսավորման կարևորությունը:

«ԱՄՆ-ի՝ Արցախին օգնության ծրագիրը շատ փոքր ծախս է, սակայն դա ԱՄՆ-ի կողմից ահռելի ներդրում է խաղաղության հարցում»,-ընդգծել է Երիմյանը:

Բացի այդ, ANCA-ն ԱՄՆ-ից Հայաստանի համար 90 մլն դոլար օգնություն է խնդրել՝ զուգահեռ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին որպես ռազմական օգնություն անհամեմատ ավելի մեծ գումար հատկացնելու առնչությամբ: Խոսքը Բաքվին հարյուր միլիոն դոլարանոց օգնության փաթեթի մասին է: Ըստ Երիմյանի՝ Վաշինգտոնը կամ պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը, կամ էլ պետք է հավասարեցնի Հայաստան և Ադրբեջան ուղարկվող յուրաքանչյուրը դոլարը: