Այս փուլում մենք մեր երկրի համար ավելի շահեկան ենք համարել, որ կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած միջոցներից տրամադրել բյուջետային վարկ եւ լուծել մեր առջեւ ծառացած խնդիրը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը հրժարվել է ատոմակայանի պահպանման համար ռուսական վարկից:

«Դա ոչ մի աղերս չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, մեր հարաբերությունները կայուն, ռազմավարական, գործընկերային են, միաժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա: Մենք ժառանգել ենք տարբեր վարկային պարտավորություններ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են:

Ինչ վերաբերում է մեր գործընկերներին, «Ռոսատոմը» հիմնական իրականացնող ընկերությունն է, պայմանագրերը գործընկերների հետ առկա են եւ ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով»,-ընդգծեց Պապիկյանը: