Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում ցուցարարները հանել են Քրիստոփոր Կոլումբոսի հուշարձանը եւ նետել են այն լիճը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական WRIC հեռուստաալիքը:

Ըստ ԶԼՄ-ների՝ երեքշաբթի երեկոյան մոտ հազար ցուցարար հավաքվել էր Բյորդ Պարկում: Սկզբում բողոքի ակցիան խաղաղ բնույթ էր կրում: Ականատեսների վկայությամբ՝ տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում ցուցարարները երեք ճոպանով հանել են հուշարձանը պատվանդանից, ինչից հետո քարշ են տվել այն դեպի այգում գտնվող լիճը եւ նետել են ջրի մեջ:

Բողոքի ցույցի մասնակիցներից մեկի խոսքով՝ այս ակցիան պլանավորված չէր:

Երկուշաբթի Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի դատավորը որոշում է կայացրել, որի համաձայն պետական ​​պաշտոնյաներին արգելվում է 10 օրվա ընթացքում քանդել ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի շրջանում ստրկատիրական նահանգների գլխավոր հրամանատար, գեներալ Ռոբերտ Լիի արձանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմը մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ կարգադրել է հանել գեներալ Ռոբերտ Լիի հայտնի արձանը: Որոշումն ընդունվել էր Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին: