Ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը կարելի է լուծել 2 տարուց: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ Հայաստանում ավիացիայի ոլորտում 2019 թվականն աննախադեպ էր եւ բավականին հաջողակ նոր խաղացողների հայտնվելու տեսանկյունից: «Մենք կարողացել ենք հայկական շուկա ներգրավվել մի քանի եվրոպական բյուջետային ավիաընկերություններ եւ ապահովել քաղաքացիների համար հասանելի տոմսեր»,-ասաց Պապիկյանը:

Նա վստահեցրեց, որ իրենք մտադիր չեն սահմանափակվել այդ «հաջողություններով» եւ կզբաղվեն ազգային ավիափոխադրողի ստեղծման հարցով:

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա սեփական քաղավիացիան՝ մնալով բաց այլ ավիաընկերությունների համար: Ընդ որում, խոսքը պետք է լինի իրական հայկական ավիափոխադրողի մասին, այլ ոչ թե վիրտուալ կամ ձեւական գրանցված»,-ասաց Պապիկյանը:

Նա խոստացավ հետեւողական լինել այդ հարցում:

Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտում խնդիրներին, ինչի պատճառով Հայաստանը հայտնվել է Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն անվտանգության «սեւ ցուցակում», ապա, նրա խոսքով, կարելի է միշտ մեղավորներ փնտրել, սակայն անհրաժեշտ է հասկանալ խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիներ փնտրել:

«Խնդիրները մեկ օրում չեն ձեւավորվել, եւ դրանք 2019-ի աշխատանքի արդյունքները չեն: Մենք այժմ պատասխանատվություն ենք կրում նախկին իշխանությունների ստեղծած խնդիրների համար»,-հավելեց Պապիկյանը՝ փորձելով արդարացնել քաղավիացիայի կոմիտեի եւ նրա նախագահ, այժմ Դանիայում ֆիզարձակուրդում գտնվող Տաթեւիկ Ռեւազյանի անհաջողությունը: