2019 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ծրագրել է 9 միջոցառում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

Նրա խոսքով՝ տվյալ ծրագրերի արժեքը կազմել է 1 մլրդ 719,6 մլն դրամ:

«Առաջին անգամ պետբյուջեից տրամադրվել է 343,3 մլն դրամ 810 հա անտառվերականգնման եւ անտառապատման համար: Արդյունքում հիմնվել է 7,4 հա տնկարան, գնվել է 8 մասնագիտացված տրակտոր եւ ստեղծվել հազար սեզոնային աշխատատեղ»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Միեւնույն ժամանակ, Ջիլավյանը նշեց, որ 10 մլն ծառ տնկելու ծրագիրը տեղափոխվել է 2021 թվական: Այս տարի հիմնվել է ուռենու 2 մլն տնկարան, սակայն այլ ծրագրի շրջանակում:

Նա հավելեց, որ այս պահին քարտեզագրման աշխատանքներ են տարվում եւ մանրամասն ուսումնասիրվում են տնկման վայրերը: Ինչպես նաեւ համաձայնություններ են ձեռք բերվել միջազգային կազմակերպությունների, պետությունների հետ տնկիների պակասը լրացնելու համար: