Հայաստանը 15 կետով բարելավել է իր դիրքերը 2020 թվականի Խաղաղասիրության գլոբալ համաթվում (Global Peace Index)՝ 163 երկրների վարկանիշում զբաղեցնելով 99-րդ տեղը:

Ըստ նոր տվյալների՝ Հայաստանը «վարկանիշում բարձրացել է 15 կետով եւ հիմա 100 ամենախաղաղասեր երկրների թիվի մեջ է մտնում հարեւան երկրների հետ հարաբերությունների զգալի բարելավման, ինչպես նաեւ բանտարկության մակարդակի էական նվազեցման շնորհիվ»:

«Այս փոփոխությունների հիմնական շարժիչ ուժն է դարձել հարեւան Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը, ինչին մասամբ նպաստել են Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացումը»,- նշված է զեկույցում:

Հեղինակները նշում են, որ Հայաստանում բանտարկության մակարդակը զգալիորեն բարելավվել է. վերջին 3 տարում այն կրճատվել է 35 տոկոսով՝ 100 հազար մարդուն բաժին է ընկնում մինչեւ 76 բանտարկյալ: «Սա նշանակում է, որ ներկայումս Հայաստանում բանտարկության ամենացածր մակարդակն է Ռուսաստանի եւ Եվրասիայի տարածաշրջանում»,- նշված է զեկույցում:

Չնայած այս բարելավումներին, ըստ հեղինակների՝ Հայաստանում որոշ ցուցանիշներով վատթարացում է տեղի ունեցել:

Չնայած քաղաքական անկայունությունը բարելավվել է, դա տեղի է ունեցել կառավարության միջամտության ուժեղացման հաշվին, ինչը հանգեցրել է Հայաստանում քաղաքական ահաբեկչության սանդղակի ցուցանիշի վատթարացմանը: Վատթարացում է տեղի ունեցել նաեւ ռազմականացման ոլորտում: Զգալիորեն մեծացել է զենքի ներմուծումը, ինչպես նաեւ ՀՆԱ-ի հարաբերությամբ տոկոսներով արտահայտված ռազմական ծախսերը, նշում են զեկույցի հեղինակները:

Նշենք, որ ցուցակում առաջին տեղում է Իսլանդիան, երկրորդ՝ Նոր Զելանդիան, իսկ երրորդ՝ Պորտուգալիան: Միաժամանակ՝ առավել քիչ խաղաղասեր երկրներն են Իրաքը, Սիրիան եւ Աֆղանստանը: