Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության գործընկերների հետ հեռավար ձեւաչափով քննարկել է Հայաստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Քննարկմանը մասնակցել են նաեւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Քրիստիննե Գրիգորյանը, այլք։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը մի շարք ոլորտներում գրանցած արդյունավետ ու ընդգրկուն համագործակցության համար  եւ անդրադարձել հայաստանյան բարեփոխումների օրակարգին։ Դրանք հիմնականում վերաբերել են դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին, ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցերին։

 ԵՄ պաշտոնյաները գնահատել են դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումների առաջխաղացման նպատակով ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերը, ինչպես նաեւ վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ աջակցել Հայաստանին՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ իրավունքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների օրակարգի իրականացմանը։