2019 թվականին դուք կանխատեսում էիք 0,7 տոկոս գյուղատնտեսության աճ՝ 7,6 տոկոս ընդհանուր ՀՆԱ-ի աճի մեջ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:

Թանդիլյանի խոսքով՝ աշխարհում տվյալ ոլորտի աճի նման տեմպերի պայմաններում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի աճին գյուղատնտեսության բացասական նպաստում՝ 0,5 տոկոս: Ֆիքսելով այդ փաստը՝ պատգամավորը եզրակացրեց, որ կամ նախարարության ծրագրերն են անարդյունավետ, կամ գերատեսչությունը ընդհանրապես չի թիրախավորում ՀՆԱ-ում գյուղատնտեսության ցուցանիշները:

Նշելով, որ բյուջեով ոլորտում նախատեսված ծախսերը 65 տոկոսով են կատարվել՝ Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ գոնե կատարած ծախսերի համեմատ ՀՆԱ-ի գյուղատնտեսական մասով աճն չի ապահովվել եւ գրանցվել է 0,5 տոկոս աճ:

Սակայն նախարարը չհամաձայնեց պատգամավորի նման հայտարարության հետ եւ նշեց, որ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը մեծ պահանջարկ ունեն այդ ոլորտում: Նա, մասնավորապես, հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում 60 մլրդ դրամի վարկերը սուբսիդավորվում են կառավարության կողմից: