Երեւանը շուտով 500 նոր վերելակ կստանա: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ անցած տարի քաղաքապետարանը 20 վերելակի համար մրցույթ էր հայտարարել:

«Դրանք հաջողությամբ փոխարինվեցին տարբեր վարչական շրջաններում: Օրերս ավարտվեց 500 վերելակի մրցույթը՝ հինգ միլիարդ դրամի բյուջեով: Գործընթացը սկսված է: Վերելակների տեղադրման պատվերներն արդեն ներկայացված են, վերելակները ճանապարհին են»,-ասաց Սարգսյանը:

Ընդ որում, Երեւանի բազմահարկ շենքերում գործում է ընդհանուր առմամբ մոտ 4600 վերելակ, որոնցից փոխարինման կարիք ունի 3500-ը՝ ըստ քաղաքապետարանի գնահատականի: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ մեկ վերելակի փոխարինման համար կպահանջվի 10 մլն դրամ: 

Նշենք, որ վերելակների փոխարինումը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներից մեկն էր: Իշխանության գալուց հետո նա շտկեց իր խոստումը՝ հայտարարելով, որ դրա համար պետք է վճարեն Երեւանի բնակիչները՝ իրենց գրպանից: Նոր վերելակների համար բնակիչները պետք է վճարեն 25 տարվա ընթացքում: Վերելակը կփոխարինվի, երբ ստանան բոլոր բնակիչների համաձայնությունը: Մեկ վերելակի փոխարինումը կտեւի 35-40 օր: Երեւանում բոլոր 3600 վերելակները փոխելու համար 3,5-4 տարի է պահանջվում: Վերելակների շահագործման միջին ժամկետը կազմում է  25 տարի:

Ընդհանուր առմամբ, Երեւանի շենքերում տեղադրված է 4642 վերելակ: