Հայաստանի պարենային անվտանգությունն ապահովված է: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ երկրում պարենային անվտանգության մակարդակը բավականին բարձր է, եւ պտուղ-բանջարեղենի ներքին արտադրությունը գործնականում ամբողջությամբ բավարարում է պահանջարկը եւ նույնիսկ թույլ է տալիս խոսել արտահանման հնարավորության մասին: «Համանման վիճակ է նաեւ մսամթերքի ոլորտում, մասնավորապես՝ ոչխարի եւ խոշոր եղջերավոր անասունի մսի, սակայն թռչնամսի դեպքում ներքին արտադրանքը ծածկում է պահանջարկի միայն 1/4-ը, իսկ խոզի մսի դեպքում՝ 2/3-ը: Ներքին ռեսուրսներն անբավարար են նաեւ հացահատիկների ոլորտում, որտեղ մենք ծածկում ենք պահանջարկի միայն կեսը, իսկ մնացյալը ներմուծում ենք: Սակայն հաշվի առնելով ԵՏՄ շրջանակում միացյալ շուկան՝ դա որեւէ խնդիր չի ստեղծի: Հայաստանը ԵՏՄ անդամ է: Սա վստահություն է հաղորդում, որ պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ չեն լինի»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ արտադրության պակասող ծավալներ կան նաեւ Ռուսաստանում՝ ինչպես  հացահատիկի, այնպես էլ թռչնամսի առումով: Դրանից բացի, նախարարի կարծիքով, Հայաստանն անհրաժեշտության դեպքում միշտ կարող է արտադրանքը գնել, ու հետեւաբար՝ դեֆիցիտ չի առաջանա:

Էկոնոմիկայի նախարարի խոստովանությամբ՝ այս հարցում միակ խնդիրը լոգիստիկան է, սակայն այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվում դրանք կարգավորելու համար: