Ինդոնեզիայի իշխանությունները ձերբակալել են տասնյակ մարդկանց, որոնք կասկածվում են COVID-19-ի զոհերի մարմինները մի քանի հիվանդանոցներից գողանալու մեջ, որպեսզի մահացածները կարողանան թաղվել իրենց ցանկությունների համաձայն:

Ոստիկանության ներկայացուցիչ Իբրահիմ Պոնտոն հայտնել է, որ առնվազն 33 կասկածյալ է անցած շաբաթ ձերբակալվել Հարավային Սուլավեսի նահանգում: Պոնտոն ասել է, որ նրանցից 10-ի դեմ առաջադրված մեղադրանքները կփոխանցվեն դատախազություն, հայտնում է AP-ը:

Նրա խոսքերով՝ դատապարտման դեպքում կասկածյալներին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում եւ 7000 դոլարի տուգանքներ՝ առողջապահական օրենքները խախտելու եւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար: «Այն, ինչ նրանք արել են, կարող է վնաս հասցնել ողջ համայնքին»,- հավելել է նա:

Մի քանի միջադեպերի տեսագրությունները լայն տարածում են գտել Ինդոնեզիայում սոցիալական ցանցերում:

Մի դեպքում երեւում է, թե ինչպես է ամբոխը ներխուժում հիվանդանոց եւ մարմինը պատգարակով տանում։

Պոնտոն ասել է, որ հավատն ու թաղման ավանդույթները հիմնական դրդապատճառներն են այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ կորոնավիրուսի պատճառով թաղման սահմանափակումներն անընդունելի են: