Առաջարկում եմ տրամադրել հարկային վճարումների պարտավորությունների հետաձգում կորոնավիրուսի պայմաններում ամենից շատ տուժած ոլորտների համար, մասնավորապես՝ զբոսաշրջության եւ հյուրանոցային ոլորտներին: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ օրինագծով առաջարկվում է 6 ամսով հետաձգել նշված ոլորտների հարկային վճարումները: Այդ համատեքստում պատգամավորը նշեց, որ նման մեխանիզմն արդեն կիրառվում է Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում եւ այլ երկրներում:

«Մասնավորապես, հակաճգնաժամային միջոցների 3-րդ փաթեթից օգտվել է միայն 221 հյուրանոցային տնտեսություն 2,2 մլրդ դրամ ընդհանուր գումարով, եւ 43 տուրիստական ընկերություններ՝ 489 մլն դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, 1-ին փաթեթից օգտվել են 16 հյուրանոցային տնտեսություններ 235 մլն դրամով, ինչպես նաեւ 18 տուրիստական ընկերություններ եւ հասարակական սննդի օբյեկտներ 456 մլն դրամով»,-նշեց պատգամավորը:

Օրինագիծը, այնուամենայնիվ, աջակցություն չստացավ «Իմ քայլի» կողմից: Մասնավորապես, հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը նշեց, որ ներկայացված գաղափարը նպատակահարմար կլիներ քննարկել փակ քննարկումների ժամանակ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Արդյունքում երկար քննարկումների հետո օրենսդրական նախաձեռնությունը բացասական եզրակացություն ստացավ: