Պարզվում է՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման և համավարակի հաղթահարման համար երեք ամսում Հայաստանի կառավարությունն ավելի քիչ գումար է ծախսել, քան, օրինակ, ՊԵԿ–ը՝  2019 թվականի պարգևատրումների համար։ Նման եզրահանգման ենք եկել՝ համադրելով NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված տվյալները։

Այսպես. կառավարությունը 2020թ. փետրվարի 1-ից մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 8,3 մլրդ դրամ է հատկացրել  երեք նախարարությունների և վարչապետի աշխատակազմին կորոնավիրուսի վարակի կանխարգելման և հաղթահարման, մասնավորապես՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման, նրանց հետ փոխկապակցված անձանց մեկուսացման, նրանց սննդով ապահովելու, բժշկական պարագաների, սարքավորումների, դեղորայքի ձեռքբերման, հիվանդանոցային, հյուրանոցային ծառայություններից օգտվելու և այլ ծախսերի համար։

Նշենք, որ խոսքը չի վերաբերում կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարության կողմից տրվող աջակցության փաթեթներին:

Նախքան կատարված ծախսերին առանձին–առանձին անդրադառնալը, արձանագրենք, որ միայն  2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով, իսկ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարին փոխանցված գումարը մայիսի 1–ի դրությամբ կազմել է մոտ 1 մլրդ դրամ։ Արձանագրենք նաև, որ միայն ապրիլին նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեկ տասնյակ պետություններ և միջազգային կազմակերպություններ Հայաստանին տրամադրել են ավելի քան 70 մլրդ դրամի օգնություն (ներառյալ աջակցման խոստումները), որոնց մեծ մասը նախատեսված էին առողջապահական ծրագրերի համար։

Մեր հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից տեղեկացրին, որ 2020թ. փետրվարի 1-ից մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից առողջապահության նախարարությանը հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ։ Նշված գումարից  1.9 մլրդ–ը հատկացվել է  նոր կորոնավիրուսային hամավարակին հակազդելու նպատակով անհրաժեշտ սարքավորումների, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերմանը` «1053 Առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացում» ծրագրի «32003 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակում:

Իսկ կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառումների ծախսերի փոխհատուցման համար հատկացվել է 3.1 մլրդ դրամ` «1003 Հանրային առողջության պահպանում» ծրագրի «11006 Հայաստանի Հանրապետությանում կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակում:

Համեմատության համար նշենք, որ վարակի արագ կանխարգելման, վերահսկման և բուժման համար հատկացված գումարը երկու անգամ քիչ է ՊԵԿ–ի՝ մեկ տարվա պարգևավճարներից։

Կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր՝ երբ  պետությունները միլիոնավոր դոլարներ են հատկացնում առողջապահահության ոլորտին՝ մարդկանց կյանքերը փրկելու համար, Հայաստանը հսկայական գումարներ էր «փոշիացնում» կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ստեղծված աջակցության տարբեր ծրագրերի վրա, այն դեպքում, երբ համավարակը ոչ միայն չէր նահանջում, այլև գնալով նոր թափ էր ստանում, իսկ տնտեսությունը փրկելու կառավարության ճիգերը, մեղմ ասած, հօդս ցնդեցին։ Իսկ համավարակը կանխարգելելու և մարդկանց բուժելու առաջնահերթության մասին քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բազմիցս են բարձրաձայնել։  

«Covid 19»-ի շրջանակներում կառավարության եռամսյակային ծախսերն ուղղվել են նաև քաղաքացիների մեկուսացմանը։ Այսպես. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովում» ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1.3 մլրդ դրամ, որից 305 մլն դրամը մայիսի 1-ի դրությամբ՝ վճարվել է նախարարության կողմից հյուրանոցներում և հյուրատներում մեկուսացված անձանց կեցության, ինչպես նաև սննդի մատակարարման համար։

Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում կառավարությունը մարդկանց ինքնամեկուսացնում էր հինգ աստղանի հյուրանոցներում, որի համար ծախսվում էին ահռելի գումարներ։ Մինչդեռ, կարճ ժամանակ անց պետությունն այլևս նման շռայլություն չէր կարող իրեն թույլ տալ՝ հաշվի առնելով վարակակիրների քանակի աճը։

Իսկ մայիսի 22–ից սկսած կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, որոնք ունեն թեթև ախտանշաններ կամ առհասարակ չունեն որևէ ախտանշան, այլևս չեն մեկուսացնում հյուրանոցներում. նրանք ինքնամեկուսանում են տանը։ Իսկ երբեմն էլ մարդիկ, չունենալով ինքնամեկուսացման հնարավորություն, անելանելի իրավիճակում են հայտնվում։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին աջակցելու, անհրաժեշտության դեպքում՝ վերջիններիս սննդի, հյուրանոցներում և կացության այլ վայրերում պահման, հայրենիք վերադարձի տոմսերի գնման, ինչպես նաև դեղորայքի ձեռքբերման, պարետատան կողմից ձեռք բերված կամ ՀՀ-ին նվիրաբերված դեղորայքի, բժշկական այլ պարագաների և սարքավորումների պահեստավորման և Հայաստան տեղափոխման համար արտերկրում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները ծախսել են ընդհանուր առմամբ 127 187 ԱՄՆ դոլար։

Իսկ պետական գերատեսչությունների համար բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով ծախսվել է մոտ 1.78 մլրդ դրամ:

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հայտնաբերման առաջին ամիսներին կառավարությունը բավարար ջանք և միջոցներ չի ներդրել համավարակի տարածման վատթարագույն սցենարներին պատրաստվելու համար, ինչի արդյունքում հիվանդանոցները բախվեցին տեղերի սահմանափակման խնդրի հետ, իսկ ժամանակին բուժօգնություն չցուցաբերելը մարդկային կյանքեր արժեցավ։

Հ.Գ. Փետրվար–ապրիլ ամիսների ցուցանիշը հրապարակում ենք ուշացումով, հաշվի առնելով, որ մայիսի 14–ի մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար կառավարությունը լրացուցիչ  30–օրյա ժամկետ էր խնդրել։