Այսօր՝ հունիսի 11–ին, ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի գծով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵԱԳԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինիմանսկացությամբ, տեսահանդիպումներ են ունեցել Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Տեսահանդիպումների ընթացքում ԵՄ պաշտոնյաները կարևորել են Ազգային ժողովի կողմից իրականացվող ինտենսիվ աշխատանքը Քովիդ-19-ի համատեքստում և վերահաստատել են ԵՄ աջակցության շարունակականությունը Հայաստանին։ Նրանք ընդգծել են Ազգային ժողովի կարևոր դերը ՀԸԳՀ իրականացումը խթանելու գործընթացում և ողջունել ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման առաջընթացը։ Կարևորվել է նաև ՀՀ ԱԺ - ԵԽ հարաբերությունների հետագա ամրապնդման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել ԵՄ-ՀՀ համագործակցությանը Արևելյան գործընկերության շրջանակներում, ԱԺ-ի հետ ԵՄ Թվիննինգ ծրագրին, ինչպես նաև արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգի իրականացման ուղղությամբ ԵՄ աջակցությանն առնչվող առանցքային հարցերին։

ՀՀ ԱԺ քննարկումներին հետևել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ առցանց հանդիպումը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Սահմանադրական բարեփոխումների գործընթացի և ուղղվածության, ինչպես նաև այդ նպատակով ԵՄ հնարավոր աջակցությանը վերաբերող հարցերի շուրջ։