Օսմանյան շրջանում ստեղծված եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության կողմից կառավարվող «Մորյակուփ» հիմնադրամի կարգավիճակի հետ կապված Անկարայի վարչական դատարանը ի օգուտ Հայոց պատրիարքարանի որոշում է կայացրել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը «Մորյակուփ» հիմնադրամը որպես  «առգրավված» էր ճանաչել եւ ունեցվածքը իրացրել տարբեր ճանապարհներով։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը  «Մորյակուփ» հիմնադրամի «առգրավված» կարգավիճակի հետ կապված դատական գործընթաց էր սկսել, սակայն  դատարանը չէր բավարարել հայցը, որից հետո պատրիարքարանը դիմել էր Սահմանադրական դատարան, որտեղ որոշում էր կայացվել հետ ուղարկել վարչական դատարան եւ նորից վերանայել գործը։

Անկարայի վարչական դատարանն էլ գործը քննելուց հետո որոշում է կայացրել չեղարկել  հիմնադրամի «առգրավված» կարգավիճակը, ինչը հնարավորություն է տալիս օրենքով հետ ստանալ ունեցվածքը։

Այս պահին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունն ունի հնարավորություն ի օգուտ Հայոց պատրիարքարանի ընդունված այս որոշումը բողոքարկելու։