Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առաջարկել է Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին դառնալ բարեփոխումների հարցերով իր խորհրդականը, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ դա «իր մակարդակը չէ»: Այս մասին նա պատմել է «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում:

«Մենք հանդիպեցինք Միխայիլ Նիկոլոզովիչի հետ, նա ասաց. «Ես ուզում եմ օգնել»: Մի քանի հանդիպում է եղել, նա մի քանի անգամ է եկել՝ տարբեր խորհուրդներով՝ ադեկվատ: Նա հարցրեց. «Որտե՞ղ եք Դուք ինձ տեսնում»: Ես նրան ասացի. «Ես ուզում եմ, որպեսզի Դուք ինքներդ մտածեք, տեսնեք Ձեր կարգավիճակը»: Ես նրան առաջարկեցի. «Կարող եք դառնալ բարեփոխումների հարցերով իմ խորհրդականը»: Նա ասաց «Դա իմ մակարդակը չէ»»,- պատմել է Զելենսկին:

Նա հավելել է, որ Սաակաշվիլին առաջարկել է իր թեկնածությունը բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում: Ըստ Զելենսկու՝ նա խոստացել է այդ հարցը քննարկել վարչապետ Դենիս Շմիգալի հետ:

Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ Զելենսկին Սահակաշվիլիին առաջարկել է ստանձնել բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնը: Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ նրա թեկնածության համար ձայները չեն բավականացնում Գերագույն ռադայում: Արդյունքում, Վրաստանի նախկին նախագահը եւ Օդեսայի նախկին նահանգապետը ղեկավարեց Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեն: