Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների խստացմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, խորհրդարանի պատգամավոր, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմի ղեկավարներ եւ այլ պաշտոնատար անձինք։

Ընթացիկ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարարի պաշտոնակատարը։ Բաղրյանի խոսքերով՝ վերջին օրերին հանրապետությունում դիտարկվում է համավարակի տարածման ինտենսիվության աճ։

Զեկույցներով հանդես են եկել նաեւ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, իրավասու մարմինների ղեկավարներ։ Պետության ղեկավարը հանձնարարել է խստացնել գործող համալիր միջոցառումները՝ պահանջելով հետեւողականություն եւ ընդունված որոշումների իրականացում։ Նախագահը նաեւ հանձնարարել է ստեղծել մասնագիտական խումբ՝ առողջապահության ոլորտի պատասխանատու աշխատակիցների ներգրավմամբ, որը անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարով։