120 միլիոն տարի առաջ ապրող կոկորդիլոսների հնագույն տեսակները կարող էին քայլել հետեւի թաթերի վրա, ինչպես դինոզավրերը, համարում են գիտնականները, հաղորդում է PA-ն:

Նրանց աշխատությունը հիմնված է Հարավային Կորեայում լավ պահպանված խոշոր հետքերի վերլուծության վրա:

Հետազոտողներն ի սկզբանե որոշել էին, որ թաթերի քարացած հետքերը պատկանել են պտերոզավրերին:

«Այժմ մենք հասկանում ենք, որ այդ հետքերը երկոտանի կոկորդիլոսների թաթերի հետքերն են»,-նշել է Քվինսլենդի համալսարանից դոկտոր Էնթոնի Ռոմիլիոն:

Հետքերի չափերը կազմում են շուրջ 24 սանտիմետր, ինչը խոսում է այն մասին, որ այդ կենդանիներն ունեցել են ոտքեր գրեթե նույն չափերի, ինչ չափահաս մարդու ոտքերն են: Դրանք բարձրահասակ կենդանիներ էին, որոնց հասակը կազմում էր ավելի քան երեք մետր:

Համարվում է, որ այդ հետքերը, որոնք շուրջ 110-120 միլիոն տարեկան են, պատկանում են կոկորդիլոսամորֆների նոր տեսակին, որոնք ժամանակակից կոկորդիլոսների եւ ալիգատորների նախնիներն են: