Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է՝ ինչու Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլիին չի նշանակել փոխվարչապետի պաշտոնում: Նրա խոսքով՝ ինքը դիտարկել է Սաակաշվիլիի թեկնածությունը, սակայն նրա թեկնածությունը չի աջակցել «Ժողովրդի ծառաներ» կուսակցությունը:

Pravda.com.ua-ին Զելենսկին պատմել է, որ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին ասել է, որ ցանկանում է օգնել: Նախագահի խոսքով՝ ինքը նախ առաջարկել է դառնալ իր խորհրդականը, սակայն Սաակաշվիլին պատաստխանել է, որ դա իր մակարդակը չէ, եւ ինքն է առաջարկել կառավարությունում զբաղվել բարեփոխումներով:

Զելենսկին պատասխանել է, որ հարցը կքննարկի վարչապետի հետ: Սակայն նրա թեկնածությունը չեն աջակցել իշխող կուսակցությունում:

Զելենսկին նշել է, որ չի վախենում, որ Սաակաշվիլին կարող է սկսել պայքարել իր դեմ, ինչպես դա եղավ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի դեպքում: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ «ամեն ինչ կարող է լինել»: