2021 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում կարող է 3-4 դրամով բարձրանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի համակարգը խորը ճգնաժամի մեջ է, ինչը պայմանավորված է նրանով, որ 10-15 տարի շարունակ, արդիականացմանն ուղղված հսկայական քանակությամբ վարկային միջոցներ կուտակելով, համակարգն արդյունավետության բարձր գործակից չի դրսեւորել:

«Վերջինը կապված է էլեկտրաէներգիա արտահանելու սահմանափակ հնարավորությունների, ինչպես նաեւ տնտեսական ակտիվության անկման եւ էլեկտրաէներգիայի սպառման մակարդակի հետ՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ հասարակության կողմից: 2019-ին էլեկտրաէներգիայի արտադրության անկումը Հայաստանում մոտ 6 տոկոս է  կազմել, եւ սա բավականին լուրջ ցուցանիշ է»,- շեշտեց նա:

Նա պարզաբանեց, որ միեւնույն ժամանակ, 1 միլիարդ դոլարի չափով հսկայական վարկային միջոցներ են ներգրավվել էլեկտրաէներգետիկ համակարգի արդիականացման համար: «Սա նշանակում է, որ նման պայմաններում համակարգի անվտանգ գործունեության համար անհրաժեշտ է գնալ միակ հնարավոր ճանապարհով՝ բարձրացնել սակագինը: Հաշվի առնելով, որ նաեւ բնական գազի գների բարձրացում է ակնկալվում՝ դա շատ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի կհանգեցնի: Այս ամենը կարող է լրացուցիչ քաղաքական ռիսկեր առաջացնել ներկայիս իշխանությունների համար»,- եզրափակեց փորձագետը: