Հելլադական ուղղափառ եկեղեցին Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածել: Եկեղեցին նշել է, որ դա կարող է հանգեցնել քրիստոնյաների կողմից բողոքի ակցիաների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի պետական խորհուրդը կքննարկի Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով՝ երկիրն իրավունք ունի փոխել կարգավիճակը՝ այն մզկիթ դարձնելով:

Այն հիմնվել  է մ.թ. 537 թվականին Յուստինիան կայսեր կողմից:

«Այն նվիրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Դա ճարտարագիտական հանճարեղ կառույց է եւ քրիստոնեական մշակույթի հայտնի հուշարձան: Տաճարի արժեքը մնում է տիեզերական»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Ցանկացած փոփոխություն կհանգեցնի քրիստոնյաների շրջանում հիասթափության եւ բողոքի ակցիաների…Միեւնույն ժամանակ վնաս կհասցվի հենց Թուրքիային: Կարեւոր է, որպեսզի հարեւան երկրի կառավարությունը խելամտություն եւ հարգանք ցուցաբերի հուշարձանի նկատմամբ՝ որպես թանգարան Սուրբ Սոֆիայի ստատուս քվոն պահպանելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը ավելի քան հազար տարի եղել է քրիստոնեական աշխարհում ամենամեծ տաճարը: Օսմանների կողմից Կոնստանտնուպոլսի գրավումից հետո տաճարը վերածվել է մզկիթի, սակայն 1934 թվականից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հրամանով այն վերածվել է թանգարանի եւ ներառվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: