Հայկական ատոմակայանի շահագործման անվտանգությունն ուսումնասիրելու նպատակով, մայիսի 16-ին Հայաստան կայցելի OSART-ի հանձնաժողովը, որը գործում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) հովանու ներքո:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են ատոմային էներգետիկայի ոլորտի առաջատար փորձագետներ` 9 երկրներից: «Ներկայումս Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դրա մասին են վկայում պարբերաբար անցկացվող դիտարկումների արդյունքները, որոնք իրականացվում են այլ միջազգային հանձնաժողովների կողմից: Ատոմակայանի անվտանգության մասով ոչ մի մտավախություն չկա»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման  պետական հանձնաժողովի ղեկավար Աշոտ Կարապետյանը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԵ-ի առաքելության այցելությունը պլանային է եւ համաձայնեցվել է նախորդ տարի: