Բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ ելույթից հետո, քաղաքական են։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԱԾ շենքից դուրս գալով՝ լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ես դա ընդունում եմ քաղաքական, որովհետեւ պապուս թվի գործեը նայելով ու ասելով… Կան թղթեր, սարքած թղթեր։ Ամեն ինչ, որ եղել է իմ հայտարարությունից հետո, դա միայն քաղաքական եմ համարում։ Քննությունը կատարվում է, որին լիարժեք բոլորդ տեղյակ կլինեք։ Կարող եք դիմել համապատասխան օրգաններին։ Այսօր ասում եմ՝ ես սեփականատեր եմ, ոչ մի կառավարման հետ կապ չունեմ։ Իմ ելույթից առաջ լիներ, կարող էր հիսուն-հիսուն լիներ, բայց իմ ելույթից հետո է եղել»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Նշենք, որ այսօր Ծառուկյանի առանձնատունը ԱԱԾ–ն խուզարկել էր, ապա ԱԱԾ կանչել հարցաքննության, որտեղ Ծառուկյանը մնացել էր ութ ժամից ավելի։

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ այսօր հաղորդագրություններ է տարածել ԱԱԾ-ն։

Քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետևանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։

Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելուն։

Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաև հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։