Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Իրաքի Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրան» նոր գործողություն սկսելու մասին երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

Նախարարությունը հայտնել է, որ թուրքական զորքերն արդեն մտել են Հաֆթանին՝ «Քրդական աշխատավորական կուսակցության եւ թուրք ժողովրդի ու երկրի սահմանների անվտանգությանը սպառնացող մյուս ահաբեկչական տարրերին չեզոքացնելու» գործողության անցկացման համար:

Գործողությանը ներգրավված են ավիացիան, T129 ATAK ուղղաթիռներ եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Իրաքի ԶՈՒ միացյալ հրամանատարությունը դատապարտել է թուրքական ավիացիայի ներխուժումը՝ դա գնահատելով որպես երկրի ինքնիշխանության խախտում: Իրաքի ԱԳՆ-ն երկրում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել: