Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարչակազմը չի հանդուրժի Փհենյանի կողմից հարավկորեացի առաջնորդին հասցեագրած վիրավորանքները, ինչպես նաեւ Կորեական թերակղզում լարվածության էսկալացիային ուղղված գործողությունները: Այս մասին այսօր Սեուլում կայացած ճեպազրույցում ասել է հասարակայնության հետ կապերի ավագ քարտուղար Յուն Դո Հանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Սեուլում «այլեւս մտադիր չեն հանդուրժելու Հյուսիսի չկշռադատված խոսքն ու գործողությունները», որոնք «հիմնարար վնաս են հասցնում» 2 երկրների առաջնորդների միջեւ վստահության հարաբերություններին, շեշտել է նա:

Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ «անիմաստ եւ կոպիտ» է անվանել չորեքշաբթի ավելի վաղ հրապարակված Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի պետի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնի հայտարարությունը, որը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրն է: Նա հայտարարության մեջ մասնավորապես քննադատել էր Հարավայինն Կորեայի նախագահի ելույթը երկու Կորեաների առաջնորդների պատմության մեջ առաջին գագաթնաժողովի եւ համատեղ հռչակագրի ստորագրման 20-ամյակին նվիրված արարողության ժամանակ՝ այն անվանելով «անամոթ սոֆիստիկա»:

Յուն Դո Հանը Փհենյանին քննադատել է նաեւ այն պատճառով, որ գաղտնի տեղեկություն է տարածել այն մասին, որ Սեուլը այս շաբաթ ցանկացել է  Հյուսիսային Կորեա ուղարկել հատուկ բանագնացների՝ ստեղծված լարված իրավիճակը լիցքաթափելու համար: Պաշտոնյան այս քայլն անվանել է «էթիկայի բազային հասկացությունների աննախադեպ խախտում» եւ Հյուսիսին մեղադրել ենթադրյալ ուղեւորությունների նպատակների մասին տեղեկությունները աղավաղելու մեջ:

Երկրի Շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչն իր հերթին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հարավային Կորեան կոշտ կարձագանքի Կորեական թերակղզու իրավիճակը ապակայունացնելու Հյուսիսային Կորեայի փորձերին:

«Հյուսիսը բարձր գին կվճարի, եթե ռազմական գործողություններ սկսի»,- շեշտել է նա: Զինվորականը նաեւ հայտնել է, որ հարավկորեական զինված ուժերը բերված են բարձր պատրաստականության վիճակի, շուրջօրյա հետեւում են Հյուսիսային Կորեայի գործողություններին եւ պատրաստ են ակնթարթորեն արձագանքելու ցանկացած սադրանքի:

«Հյուսիսային Կորեայի գործողությունները խաչ են քաշում համատեղ ջանքերի 2 տասնամյակի վրա, որ ձեռնարկվել էին երկկողմ հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում խաղաղության պահպանման համար»,- նշել է Շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչը: