2019 թվականին Հայաստանում նախորդ տարվա համեմատությամբ օտարերկրյա ներդրումները կրկնակի կրճատվել են: Այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Պելիտէկոնոմիա» ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ:

Մելքումյանը շեշտեց, որ իշխանությունները բոլոր ոլորտներում ձախողել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված հակաճգնաժամային բոլոր միջոցառումները: Կառավարությունն այլեւս ոչինչ չի կարող անել, հետեւաբար ակնհայտ է տոտալ հրաժարականի անհրաժեշտությունը, շարունակեց պատգամավորը: «Հայտարարություններ էին կատարվում այն մասին, որ 2019 թվականին Հայաստանում տեղի է ունեցել տնտեսական հեղափոխություն: Կյանքը ցույց տվեց, որ ոչ մի բան չի փոխվել: Մենք համոզվեցինք, որ տնտեսական բազա չի պատրաստվել: 2018 թվականի համեմատությամբ ներդրումները կրկնակի կրճատվել են»,- հայտարարեց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա մարտի 14-ից մայիսի 14-ը Հայաստանը օրական կորցրել է ՀՆԱ 40 մլն դոլար: Իսկ կառավարությունը ներդրել է օրական 3,8 մլն դոլար: Այսինքն՝ կորուստները կազմել են օրական 36 մլն դոլար: «Հասկանալի չէ, թե սա ինչպես է լրացվելու: Փակվել են տասնյակ հազարավոր աշխատատեղեր: 100 հազար մարդ ոչ մի եկամուտ չի ունեցել: Բայց հենց Գագիկ Ծառուկյանը խոսում է խնդիրների մասին, նույն պահին գործադրվում է կոշտ ճնշում: Եթե իրավիճակը զարգանա այս ոգով, օգոստոսին մեզ կոլապս է սպասում: Չնայած ձեռնարկություններն ու օբյեկտները պաշտոնապես բացվել են, նրանք «մինուսով» են աշխատում: Չնայած իշխանություններն ասում են, որ փողի պակաս չկա, ներդրումներ են անհրաժեշտ: Պարադոքսալ է, որ իշխանությունները որքան քննարկում են, այնքան իրավիճակը վատթարանում է: Ընդ որում՝ մերժում են ցանկացած քննադատություն: Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ուժերի մոբիլիզացում: Եթե դա չանենք օգոստոս-սեպտեմբերին, կհայտնվենք լուրջ խնդիրների առաջ»,- հայտարարեց Մելքումյանը: