Սատկել է Բոբ մականունով հայտնի շիկակարմիր կատուն Մեծ Բրիտանիայից: Կատուն հայտնի էր դարձել «Բոբ մականունով փողոցային կատուն» գրքում եւ նույնանուն ֆիլմում: Կենդանին 14 տարեկան էր: Այս մասին հայտնել է կատվի տերը՝ Ջեյմս Բոուենը:

«Բոբը փրկել է իմ կյանքը: Նա ինձ տալիս էր ավելին, քան ընկերությունը: Հաջողությունը, որին մենք հասանք շնորհիվ մեր գրքի եւ ֆիլմի , հրաշք էր: Նա միակն էր իր տեսակով: Իմ կյանքում լույսը խամրել է: Ես նրան երբեք չեմ մոռանա»,-ասել է նա:

Բոբի տերը փողոցային երաժշիտ է, ով տառապում էր թմրանյութերից կախվածությունից, քանի դեռ չէր գտել իր կատվին: Նա կատվին իր հետ էր վերցնում եւ գումար վաստակում, ապա կատուն հայտնի դարձավ ամբողջ աշխարհում:

Կատվի մասին գիրքը տպագրվել է 8 մլն օրինակով, թարգմանվել 40 լեզվով:

2016-ին Sony ընկերությունը Բոբի մասին ֆիլմ է նկարահանել: Տիրոջ դերը խաղացել է բրիտանացի դերասան Լյուկ Թրեդեվեյը: Ինքը՝ Բոուենը, եւս հայտնվել է ֆիլմում: