Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հունիսի 17-ին ահազանգ է ստացվել Երևանի կոնյակի գործարանի անվտանգության ծառայության աշխատակցից` գործարանի տարածքի շենքերից մեկի պատուհանի խորշում գտնվող բնից բազեի ձագերի (4 հատ) ընկնելու վերաբերյալ:

Տեսչական մարմնի Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնի ձագերը «սովորական հողմավար բազե» տեսակի են, որոնց ծնողներն արդեն մի քանի օր է չեն վերադառնում բուն: Ձագերի անվտանգությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցը նրանց տեղափոխել է մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ, կարանտինի և վերականգման համար:

Թռչունները վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն: