Բաղդադը պահանջել է, որ Անկարան անհապաղ դադարեցնի ռմբակոծությունները հյուսիսային Իրաքում, որտեղի թուրքական հատուկ ուժերն ու ուղղաթիռները հարվածում են քուրդ զինյալների ապաստարաններին, հայտնում է AFP-ը:

Նախօրեին վաղ առավոտյան Թուրքիան սահմանային գործողություն էր սկսել հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններում, որտեղ, ինչպես համարվում է, թաքնվում է Քրդական աշխատավորական կուսակցությունը:

Հինգշաբթի օրը Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին եւ նրան հանձնել «խիստ ձեւակերպված հուշագիր՝ կոչ անելով դադարեցնել նման սադրիչ գործողությունները»: «Մենք ընդգծում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռմբակոծությունները եւ իր ուժերը դուրս բերի Իրաքի տարածքից»,- ասվում է նախարարության փաստաթղթում: «Մենք հաստատում ենք այդ խախտումների հանդեպ մեր վճռական դժգոհությունը»:

Հինգշաբթի օրը Իրաքը նաեւ կանչել է Իրանի դեսպան Իրաջ Մասջեդիին՝ իր բողոքը ներկայացնելով երեքշաբթի քրդական տարածքների գնդակոծության դեմ:

ԱԳՆ հայտարարությունը կոչ է անում Իրանին «հարգել Իրաքի ինքնիշխանությունը եւ դադարեցնել այդպիսի գործողությունները»: «Իրաքը ձգտում է պահպանել եւ զարգացնել երկու երկրների միջեւ պատմական կապերը, ինչպես նաեւ ընդգծում է այդ գործողությունների դատապարտումը»,- ասել են նախարարությունում:

Իրաքում Թուրքիայի դեսպանն արդեն երկու անգամ կանչվել է արտաքին գործերի նախարարություն:

Երեքշաբթի օրը նախարարությունում հանդիպումից հետո Յըլդըզը ասել է, թե իրաքցի պաշտոնյաներին հայտարարել է, որ եթե Բաղդադը գործողություն չձեռնարկի զինյալների դեմ, Անկարան կշարունակի «պայքարել ՔԱԿ-ի դեմ, որտեղ էլ այն լինի»: